Հայաստան Քաղաքականություն 

Եթե Օսկանյանն ասում է,թե ընտրությունները կեղծվել են՝ ուրեմն իր գործունեությունն էլ կեղծ է եղել. ՀՀԿ-ական պատգամավոր

analitik.am

«Եթե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում  է՝ 20 տարի ընտրությունները կեղծվել են, ուրեմն ըստ էության իր այդ ողջ ժանակաշրջանի գործունեությունն էլ կեղծ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

«Այս 25 տարիների ընթացքում մենք այս դասագրքային ճշմարտությանն ենք հանդիպում՝ երբ իշխանության մաս ես կազմում, ատամներով պաշտպանում ես բոլոր էն երևույթները, որ միարժեքորեն չեն ընդունվում հանրության շրջանում, երբ զրկվում ես էդ լծակներից, 186 աստիճանի հակառակ դիրքորոշում  ես արտահայտում։ Ես  իրենից լսել եմ նաև կարծիքներ, որ ասում է՝ գիտեք, ես էլ եմ մեղավոր, բայց մենք ոչ էդ ենք լսել, ոչ էլ իր մեղավորության զգացումն ենք տեսել»,- ասաց իշխանական պատգամավորը։

Վերջինս հորդորեց, որ Վարդան Օսկանյանը մատնացույց անի, թե որտեղ փնտրեն  այն  դատապարտող հայտարարությունները, որոնք իբրև արել է, երբ եղել է արտգործնախարար։

«Ճիշտն ասած, եթե  տեղը մատնացույց անի, թե որտեղ պրպտենք իր ասածները։ Եթե իր տանն է ասել կամ  կամ Միացյալ նահանգների դեսպանատան աշխատակիցների  հետ փակ հանդիպման ժամանակ, մի գուցե վիլկիլիքսյան բացահայտումներից դեռ կլսենք։ Եթե ասում է կեղծվել են ընտրությունները 20 տարի ու ինքն էլ այդ ժամանակ եղել է արտգործնախարար,  ըստ էության նշանակում է, որ իր այդ ողջ ժամանակաշրջանի գործունեությունը կեղծ է եղել, թող էդ հարցին էլ պատասխանի։  Ձևավորվել է  քաղաքական իշխանություն, որը նրան ներկայացրել է որպես կարևորագույն  որոշում կայացնողներից մեկը և այդ կարևորոգույն որոշումները հիմա պիտի կասկածի տակ առնե՞նք։ Դա տրամաբանական հարց է, որը բխում է իր հայտարարությունից»։

Նույն շարքից