Հասարակություն 

Գյումրիի ռուսական ռազմաբազայում հոգեհանգստի արարողություն է անցկացվել

Ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային եկեղեցում հունվարի 15-ին հոգեհանգստի արարողություն է անցկացվել՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Համայն Ռուսիո և Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրությունից, եկեղեցում հավաքված ռազմաբազայի զինծառայողներին ուղղված խոսքում վանահայր Անդրեյն իր խորը ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի ընտանիքին և ընդգծել. «Չարը ոչ ազգություն, ոչ քաղաքացիություն ունի, որովհետև չարի հայրը սատանան է՝ Աստծո և մարդու թշնամին… Ոչ ոք ավելի լավ չգիտի մարդկային կյանքի գինը, որքան զինծառայողը»:

Հոգեհանգստի արարողություններ են մատուցվել նաև ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բանակային վանքերի մեծամասնությունում: «Սա բանակային հոգևորականության հոգևոր միասնության վկայությունն էր, որը կիսում է եղբայրական հայ ժողովրդի ցավը»,- ասված է հաղորդագրությունում:


Նույն շարքից