Հասարակություն 

Գյումրիի քաղաքապետարանը դիմել է ՀՀ դատախազին

Գյումրիի քաղաքապետարանն ուղերձով դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին եւ ողջ հայությանը:

Ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետեւանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր:

Այդ կապակցությամբ ակնկալում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը եւ թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի եւ մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է  ուղերձում:

Մեկ այլ ուղերձով էլ քաղաքապետարանը դիմել է Գյումրիի բնակիչներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն եւ զսպվածություն: Գյումրուտեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր եւ հետեւողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները, համագործակցելով պետական եւ իրավապահ կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու եւ ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:

Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ (0312 2-22-22): Հերթապահություն է սահմանվել նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որեւէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել վերը նշված թեժ գծի հեռախոսահամարին»:

Նույն շարքից