Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, գրում է РИА Новости-ն` գերմանական Die Welt-ին հղումով։
«Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի գնում»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայում ուժեղացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հանդեպ հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր թափ է առել։
«Այս կոնֆլիկտում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- ասել է Շուլցը:
Ընդ որում՝ եվրոպացի պաշտոնյան անհրաժեշտ է համարել ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում։