Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ջազի լեգենդ Ռիչարդ Բոնային

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնային, ով Երևանում է` մասնակցելու մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին:

 Ողջունելով հյուրին և գնահատելով երաժշտի դերը ջազի համաշխարհային տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:

 «Ամեն տարի Երևանում բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ են հյուրընկալվում, այդ թվում նաև` Ջազի միջազգային օրվա առիթով: Եվ ուրախ եմ, որ Դուք արդեն 2-րդ անգամ եք մեր քաղաքում, ու այս անգամ էլ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու Ձեր մասնակցությամբ ջազային երեկոն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Ռիչարդ Բոնան կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու առհասարակ հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:

 «Չնայած երկու այցերիս ժամանակ էլ, շատ զբաղված լինելով, քիչ եմ հասցրել շրջել ու ծանոթանալ քաղաքին, բայց այն, ինչ էլ որ հասցրել եմ տեսնել, Երևանն ինձ համար դարձրել է իսկապես շատ հարազատ ու թանկ: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ կրկին մեծ սիրով կայցելեմ Երևան: Նաև նշեմ, որ առաջիկա իմ ալբոմում անպայման տեղ են գտնելու հայկական երանգներ», - նշել է Ռիչարդ Բոնան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից