Հունվարի 19-ին ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Գեորգիոս Կասուլիդիսը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարարի տեղակալը նշեց, որ պատմական բարեկամության եւ նույնական արժեքների վրա խարսխված հայ-կիպրական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:
Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց կիպրոսցի դիվանագետին իր ապագա առաքելության հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կասուլիդիսը նշեց, որ Կիպրոսում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումն առաջ մղելու համար:
Զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր: Անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպնության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: