Հայաստան Հասարակություն 

Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է. ՀՀ ԱՆ

analitik.am

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն  այցելել է   ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին  ներկայացվել են կատարված  միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ  մասնագետները քննարկվում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը:

«Վիրավորը հրազենային վնասվածք  է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման  ընթացքը, ինչպես նաև  անհրաժեշտ դեղերով  և  բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության  հարցերը:

Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ  ապաքինման գործընթացն իր  ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Նույն շարքից