Միջազգային Քաղաքականություն 

«Թրամփն արտաքին քաղաքականության մեծ փորձ չունի՞... Բա Միսս Շվեդիա, Միսս Արգենտինա, Միսս Ադրբեջանի հետ տարիների շփո՞ւմը». Օբամա

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 30-ին Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ամենամյա ընդունելության ժամանակ ծաղրել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Variety-ն:

Օբաման կատակել է, որ իրեն «փոքր-ինչ տխրեցրել է» Թրամփի բացակայությունն ընդունելությանը: «Հավանաբար՝ այս ճաշը չափազանց անճաշակ է Դոնալդի համար: Հնարավոր է՝ հիմա նա իր տանը Թրամփ-սթեյք է ուտում և Twitter-ում վիրավորական գրառումներ է կատարում Անգելա Մերկելի հասցեին»,- հեգնել է նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է հանրապետականների քննադատության մասին: «Նրանք ասում են, որ Թրամփն արտաքին քաղաքականության մեծ փորձ չունի՝ նախագահ դառնալու համար: Հանուն արդարության նշենք, որ նա տարիներ է անցկացրել՝ հանդիպելով ամբողջ աշխարհի առաջնորդների հետ. Միսս Շվեդիա, Միսս Արգենտինա, Միսս Ադրբեջան և այլն»,- հավելել է Օբաման՝ ակնարկելով, որ Թրամփին են պատկանում «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթ անցկացնելու իրավունքները:

Այնուհետեւ նա ամփոփել է նախագահի պաշտոնում իր աշխատանքը: Օբաման խոստովանել է, որ տարիներն անում են իրենց գործը, ինքը ճերմակել է, եւ ծերության մասին մտածելու ժամանակն է:

Նույն շարքից