Հասարակություն Պատահարներ 

63 համարի ավտոբուսի պայթյունից մեկուկես ժամ առաջ տեսախցիկները ֆիքսել են, որ պայթյունի ենթադրյալ մեղավորն ուսապարկով գնում է մոր տան ուղղությամբ

analitik.am

Ըստ  քննչական կոմիտեի տարածած տեսանյութի` Երևանում տեսախցիկները 63 համարի ավտոբուսի պայթյունից մեկուկես ժամ առաջ ֆիքսել են, որ պայթյունի ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ուսապարկով գնում է մոր տան ուղղությամբ: Կադրերից պարզ է դարձել, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում, դա պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Նույն տեսախցիկները ֆիքսել են նաև, որ Ռուբեն Բալյանը 21:44-ին բարձրանում է 63 համարի ավտոբուս:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ և 8 տուժած:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում  ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

 Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետև ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Նույն շարքից