Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,Թուրքիայի վարչապետի գրասենյակն ու տարբեր նախարարություններ կարող են իրավունք ստանալ անմիջականորեն արգելափակել ինտերնետ ռեսուրսները՝ առանց դատական իշխանությունների նախնական վճիռների:
Նման մոտեցումը հնարավոր է համարվում նոր օրինագծի շրջանակներում, որը ներկայացրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը:
Կառավարությունը կարող է ռեսուրսներն արգելափակել կապի և հեռահաղորդակցության վարչության միջոցով՝ հետևյալ հիմունքներով. «քաղաքացիների կյանքի և գույքի ապահովում, ազգային անվտանգություն, հասարակական կարգի պահպանում, հանցագործությունների կանխարգելում»:
Նման դեպքերում ինտերնետ մատակարարները պարտավոր կլինեն չորս ժամվա ընթացքում արգելափակում իրականացնել, այն դեպքում, երբ դատարանի որոշմանը պետք է սպասել 72 ժամ:
Նախօրեին Թուրքիայի իշխանությունները նորից սպառնացել էին արգելափակել Twitter միկրոբլոգների ցանցը՝ Charlie Hebdo-ի ծաղրանկարների տարածման դեմ տխրահռչակ պայքարի շրջանակներում: