Հասարակություն 

Թևան Պողոսյանն առաջարկում է երաշխավորել զորակոչիկների սեռաբջիջների պահպանումը` մեր գենետիկ բազայի ու նրանց սերունդների շարունակականության համար

analitik.am

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը հանդես է եկել մի ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է պետականորեն երաշխավորել 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում: Այս քայլը պետք է լուծի  պատերազմ գնացող տղաների  գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` կերաշխավորի զինակոչիկների սերունդների շարունակականությունը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ  հենց այդպես էլ նշվում է. «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր  և  էական նշանակություն»:

Նախագիծը բաղկացած է 2 հոդվածից, որոնցից առաջինով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների և  սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացվում է նոր նախադասությամբ` «որով պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչև զինվորական ծառայության մեկնելն իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ»:

Tert.am-ի հետ զրույցում  օրենքի նախագծի հեղինակ Թևան Պողոսյանը, հարցին, թե ինչպես, ինչու, ինչից հետո հղացավ այդ գաղափարը, ասել է.

«Մի գեղեցիկ օր արթնացել էի, նայում էի սոցիալական ցանցերով քննարկումներին, շատ մարդիկ ասում էին` վայ, էս ի՞նչ հերոս տղաներ են, և այլն, բա նրանք սերունդներ չունենայի՞ն, և ասացի` եթե մարդիկ նման ցանկություններ են հայտնում, գրում են այդ մասին, ինչո՞ւ այդ գաղափարը չունենալ: Վա՞տ գաղափար է»:

Հարցին, թե, եթե իր սերմնաբջիջը բանկին հանձնած այդ զորակոչիկը զոհվի,  ապա  պահվող կենսաբանական նյութը  կարող է անհրաժեշտ լինել նրանց ծնողների՞ն, սիրած աղջիկների՞ն,  օրենքի նախագծի հեղինակը դրական պատասխան տվեց ու մանրամասնեց. «Մեկը կարող է թոռ ունենալու ցանկությամբ պահպանի, մյուսը, օրինակ՝ չամուսնացած կին, որը արհեստական բեղմնավորմամբ ուզում է երեխա ունենալ, մտածում է` ո՞ւմն է լինելու, իսկ այս դեպքում կարող է գնալ, կոնկրետ ասել, այ էն հերոս տղայից եմ ուզում երեխա ունենալ, որ իմ տղեն էլ կամ երեխան էլ նման լավ գենետիկ կոդ ունենան, այդ տղան էլ գենետիկական շարունակություն ունենա: Սա մի տարբերակ, մյուսը` այո՛, ծնողներինն է, որ, օրինակ՝ ուզեն իրենց մինուճար տղեն սերունդ ունենա... Չգիտեմ` ոնց են օգտագործելու, իմ խնդիրն այն է, որ նման հնարավորություն ունենանք` մեր գենետիկ բազան պահպանվի»:

Թևան Պողոսյանն առաջարկում է` եկեք այդ բազան ձևավորենք, այդ հնարավորությունը լինի, իսկ թե դրանից հետո ոնց կօգտագործվի, դա արդեն ժամանակի խնդիր է:

«Եվ այնպես չէ, որ ով գնում է բանակ, չի գալու, թող տան,գնան, իսկ  վերադառնալուց հետո արդեն այդ կենսաբանական նյութն առանց իր թույլատվության չի կարող օգտագործվել»,-հավելեց պատգամավորը:

Հարցին,թե ինչ ակնկալիքներ ունի կառավարությունից նախագծի վերաբերյալ, Թևան Պողոսյանն ասաց, որ  չգիտի, իր կողմից  անհրաժեշտ էր համարվել  «գաղափարը գրել»՝ գրվել է:

Նույն շարքից