Գերմանիայի հատուկ ծառայությունները երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի ֆոնին հսկում են 90 մուսուլմանական համայնքների, հայտնել է Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության նախագահ Հանս Գեորգ Մաասենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ուշադիր հետևում ենք Գերմանիայի մզկիթներին կից 90 մուսուլմանական համայնքներին՝ գերազանցաբար արաբալեզու»,- ասել է Մաասենը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ խոսքն այն մզկիթների մասին է, որոնք հետնամասում բակ ունեն, որտեղ քարոզիչները անցկացնում են ժողովներ և իրենց կողմնակիցներին դրդում ռասսայական ու ազգային ատելության:
Մաասենը հայտնել է, որ Գերմանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը առաջվա պես բարձր է ու նորից հիշեցրել, որ հատուկ ծառայություններին հայտնի է, թե ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են Գերմանիայում ահաբեկչություն իրականացնել: Ընդ որում Մաասենը նախազգուշացրել է, որ չարժե բոլոր մահմեդականներին ահաբեկիչ համարել: