Հասարակություն Պատահարներ 

Փոխանակման կետից 2 մլն դրամ հափշտակողը փորձել է թռչել պատուհանից, բայց արդեն ուշ էր

Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից, ապրիլի 23-ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Երևանի Քանաքեռ թաղամասի բնակիչ 28-ամյա Սևակ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա կասկածվում էր ժամեր առաջ նույն տարածքում գտնվող սուպերմարկետում գործող փոխանակման մեկից բացահայտ 2 մլն դրամ հափշտակելու մեջ:

Պարզվել է, որ նա կեսգիշերին առևտրի կենտրոնի դռան մոտ հարձակվել է հաստատության անվտանգության աշխատակցի վրա, բռունցքով հարվածել նրա դեմքին, հափշտակել տարադրամի փոխանակման կետին պատկանող 2 մլն դրամն ու դիմել փախուստի:

Աշխատակիցները հետապնդել էին, շտապ նրանց էին միացել նաև կատարվածի մասին տեղեկացած ոստիկանները:

Սևակը թաքնվել էր շենքերից մեկի շքամուտքում, ապա փորձել էր 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանով ճողոպրել, սակայն ոստիկանները շրջապատել էին շենքը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ նա երկու տարի անվտանգության աշխատակից է եղել նույն սուպերմարկետում, իսկ գործից ազատվել էր 2 ամիս առաջ:

Հայտնաբերվել է նաև հափշտակված 2 մլն դրամը: Սևակ Դ.-ն ձերբակալվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նույն շարքից