Գերմանական Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով Greenpeace կազմակերպության կողմից գաղտնազերծված փաստաթղթերին,գրում է, որ ԱՄՆ-ն լուրջ ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործակցության հետ կապված բանակցությունների ընթացքում:
Վաշինգտոնը սպառնում է կրճատել մեքենաների ներմուծումը ԵՄ-ից, եթե վերջինս հրաժարվի ավելի մեծ քանակությամբ ամերիկյան գյուղատնտեսական մթերքներ գնելուց:
ԱՄՆ-ն նաև դժգոհություն է հայտնել Եվրոպական սպառողական կենտրոնի հայտնած այն տեսակետի նկատմամբ, որի համաձայն Եվրոպայում գենոմոդիֆիկացված մթերքները և հորմոններով հագեցած մսամթերքը տարածում չպետք է ունենա: Վաշինգտոնը պահանջում է, որ այս կամ այն ապրանքի նկատմամբ արգելք սահմանվի միայն այն դեպքում, երբ դրա վնասակարությունը մարդկանց առողջության համար գիտական ճանապարհով է ապացուցվել:
Թերթը գրում է, որ մինչ այս փաստաթղթերի գաղտնազերծումը, երկու կողմերն էլ հարգալից էին արտահայտվում միմյանց նկատմամբ, ԱՄՆ-ն էլ ասում էր, թե կիսում է եվրոպացիների մտահոգությունը կապված մթերքների հնարավոր վնասակարության հետ, սակայն հիմա պատկերն ամբողջովին փոխվեց:
ԵՄ-ն արգելում է նման մթերքներ նվազագույն ռիսկի դեպքում, իսկ ԱՄՆ-ն միայն այն ժամանակ, երբ դրանց օգտագործման արդյունքում ինչ-որ մեկը տուժել է:
"Փաստաթղթերի ուշադիր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գրեթե բոլոր մտահոգություննները՝ կապված մթերքների մասով ՏՏՆԳ-ի շրջանակներում ԱՄՆ հետապնդած նպատակների հետ ապացուցվեցին՛՛,- ասել է Գերմանիայի սպառողական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Կլաուս Շուլցը:
Փաստաթղթերը նաև հաստատեցին այն, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպան տնտեսական որոշումների վրա ազդեցություն չունենա: Փորձագետների կարծիքով նման մոտեցումը կարող է մեծ բնապահպանական աղետի հասցնել ԵՄ-ին:
Süddeutsche Zeitung-ը բերում է հետևյալ օրինակը՝ ԵՄ-ում կոսմետիկայի արտադրության մեջ արգելված է օգտագործել 1382 տարբեր քիմիկատներ, իսկ ԱՄՆ-ում՝ ընդամենը 11-ն է արգելված:
Süddeutsche Zeitung-ը եզրափակում է, որ մինչ փաստաթղթերի գաղտնազերծումը կարելի էր ընդամենը ենթադրել, թե ինչպես են ընթանում բանակցությունները, իսկ հիմա ամեն ինչ արդեն պարզ է: