Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք Հասարակություն 

Երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարաններ կհատկացվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ՖԲ էջում գրում է.

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ֆեյսբուքյան ընկերներ,
այս տարվա ապրիլը ծանր ամիս էր ամենքիս համար: Մարտահրավերը, որի առջև կանգնեց մեր հասարակությունը, ստիպեց բոլորիս աչալուրջ և, որ,ամենակարևորն է, միասնական լինել: Ցավոք, ապրիլը նաև մեծ կորուստների ամիս էր: Անշուշտ, ոչինչ չի փարատի այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են զավակ,ամուսին կամ հայր:

Բայց և մեզանից յուրաքանչյուրի մեծագույն պարտքն է այդ ընտանիքների կողքին լինելը, նրանց սատարելը, հարազատի նման նրանց աջակցելն ու մեր նորօրյա հերոսների հիշատակը վառ պահելը:

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ արդեն հայտնել եմ զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու մասին:

Մոտ օրերս կամփոփենք ու Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում կընդգրկենք նաև սեփական տանիք չունեցող, վարձով ապրող առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների, նախնական տվյալներով, չորս ընտանիքներին բնակարան հատկացնելու հարցը: Ֆինանսական հատկացումները կատարվելու են այս տարվա «էրեբունի-Երևան» և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների մասնակի կրճատման հաշվին:

Հաղթանակների մայիսը, վստահ եմ, նոր հաղթանակներ է ամրագրելու:

Նույն շարքից