Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մարիա Լոհելան, այսօր՝ մայիսի 3-ին, պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտեց ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։