ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները երկխոսությունը վերսկսելու նպատակով ցանկանում են հանդիպում անցկացնել սկզբում Ադրբեջանի, այնուհետեւ՝ Հայաստանի արտգործնախարարի հետ։ Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
«Մենք ցանկանում ենք վերականգնել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։ Մենք կփորձենք ամրապնդել կողմերի միջեւ վստահությունը», - հայտարարել է դեսպանը։ Նրա խոսքով՝ բոլոր՝ ինչպես մարդկանց, այնպես էլ պետության միջեւ առկա հակամարտություններում որպես հիմք է ընդունվում մեկ գործոն. «Հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը դա ցանկանան։ Մենք փորձում ենք ամրապնդել երկխոսությունն ու փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն տիրի»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվություն դրսեւորել բանակցությունների գործընթացում։ Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է երկխոսության իրականացում՝ Մեծ խաղաղ պայմանագիր ստորագրելու նպատակով։ Ներկայումս ակնկալվում է, որ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակությունը կիրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից», - հայտարարել է դեսպանը։
Պ. Մոնիեն նշել է, որ 2014թ. հակամարտության կարգավորման կապակցությամբ հակասություններ են եղել. « ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատել են կողմերի միջեւ երկխոսության շարունակության վրա։ Հանդիպումներ են տեղի ունեցել սկզբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետեւ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջան եւ Հայաստան կատարած իր մայիսյան այցերի ընթացքում առաջ է քաշել հարցի շուրջ առաջարկությունները, իսկ հոկտեմբերին վերջինիս նախաձեռնությամբ Փարիզում տեղի ունեցել հանդիպում։ Հակասությունը նրանում է, որ այս տարի բռնության դեպքերն ու հրադադարի խախտման ռեժիմը դիվանագիտական ջանքերի ֆոնին ավելացել են»։