Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

analitik.am

Արևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ինչպես նշում է asbarez.com-ը, նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016 թվականի ապրիլը հռչակել է նահանգում Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս։

Վկայակոչելով ավելի քան 1,5 միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը 1915-1923 թվականներին և այժմ Միջին Արևելքում շարունակվող ցեղասպանությունը քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ՝ նահանգապետ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և նախկինում ու ներկայում շարունակվող բոլոր ցեղասպանությունները՝ մենք օգնում ենք պահպանել պատմական հիշողությունը և երաշխավորել, որ նման դաժանություններն այլևս չկրկնվեն»։

Հայ դատի հանձնախմբի արևելյան մասնաճյուղի նախագահ Ստեֆեն Մեսրոբյանը ողջունել է հայտարարությունը՝ նշելով. «Մենք ողջունում ենք Արևմտյան Վիրջինիային Հայոց Ցեղասպանությունը հիշատակելու և, այդպիսով, դա անող ԱՄՆ 44-րդ նահանգը դառնալու համար: Սա ուժեղ ուղերձ է միջազգային համայնքին և Օբամայի վարչակազմին»։

Նույն շարքից