Մշակույթ Հասարակություն 

«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի ընթացքը կներկայացվի նոր ֆիլմով

«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի ընթացքը կներկայացվի նոր ֆիլմով: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 4-ին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` շեշտելով, որ ֆիլմը նկարահանել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
«Ֆիլմն ուսանողների դիպլոմային աշխատանքն է: Նրանք ամբողջ ընթացքում նկարահանումներ են իրականացրել, հուսամ, որ ֆիլմ ունենալն ավանդական կդառնա: Երբ այն ավարտեն` հանդիսավոր ցուցադրություն կլինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարիաննա Մխիթարյանը:
«Արմմոնո» միջազգային փառատոնի տնօրենի խոսքով` կազմակերպիչները չգիտեին` փառատոնը կկայանա՞, թե՞ ոչ` հաշվի առնելով արցախյան վերջին իրադարձությունները: «Մենք հարմար չգտանք փառատոնի բացումը և փակումը տոնական ձևով անցկացնել: Մեր կարծիքով` դա անհարգալից վերաբերմունք կլիներ այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի ունեցան: Այն փաստը, որ մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ, ուժ տվեց մեզ »,-նշեց փառատոնի տնօրենը:
Մարիաննա Մխիթարյանի խոսքով` փառատոնային օրերին տիրել է ստեղծագործական մթնոլորտ, և յուրաքանչյուր հանդիսատես գտել է իր նախընտրած ներկայացումը:
«Ցանկացած փառատոն տոն է և լուրջ աշխատանք է պահանջում»,-շեշտեց նա` հավելելով, որ հայ դերասանների փառատոնային ներկայացումները կցուցադրվեն արտասահմանյան մի շարք երկրներում:

Նույն շարքից