Ժողովրդահանրապետական կուսակցության Բեյօղլուի վարչությունը բողոք-նամակ է ուղարկել կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով կարգապահական տույժի ենթարկել կուսակցության 3 պատգամավորների, ովքեր հունվարի 19-ին Ստամբուլում մասնակցել են Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթին, որի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառ էր պարզված: Այս մասին գրում է թուրքական Թ24 լրատվակայքը։
Վարչության պետի տեղակալ Բարըշ Թընայը հայտարարել է, որ կարգապահական կոմիտեն պետք է քննի այս հարցը, քանի որ կուսակցության անդամներ Շաֆաք Փավեյը, Սեզգին Թանրըքուլուն և Ումութ Օրանը ներկայացնում են Թուրքիայի խորհրդարանը և մասնակցել են Ցեղասպանության հետ կապված միջոցառմանը, ինչը «դեմ է կուսակցության քաղաքականությանը»:
Ավելի վաղ լրագրողների այն հարցին, թե ինչու են քեմալական ուղղվածության կուսակցության ներկայացուցիչները մասնակցել Դինքին նվիրված երթին՝ կանգնելով «Առերեսվեք Ցեղասպանության հետ» պաստառի հետևում, Փավեյը պատասխանել էր, որ բաց երթ էր, ուստի խոսքի ազատության շրջանակներում ամեն ոք կարող էր պարզել տարբեր բովանդակությամբ պաստառներ, իսկ այդ պաստառը որևէ կապ չի ունեցել ԺՀԿ-ի հետ։
Թուրք պատգամավորների վերոնշյալ քայլն առհասարակ մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Քեմալական կուսակցությունն իր պատմության ընթացքում հանդես է եկել ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ նաև հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, սակայն վերջին տարիներին, հաճախ նաև ընտրողների ձայներն ստանալու համար, Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցության անդամները փորձում են հանդուրժողականություն ցուցաբերել փոքրամասնությունների նկատմամբ: Դինքի սպանությունն ու դատավարությունն էլ ընդդիմադիր ԺՀԿ-ն փորձում է օգտագործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ քաղաքական պայքարում:
Աղբյուր` Թուրքագիտական պորտալ