Գլխավոր Հասարակություն 

«Տվե՛ք մեր բնակարանները», «գողե՛ր»... Կառավարության շենքի դիմաց կրկին անհանգիստ է

analitik.am

Գերական շահի զոհ դարձած՝ Երևանի Եկմալյան, Արամի, Բուզանդի փողոցների, Կոնդ թաղամասի և «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության շենքի դիմաց հանդիպում են պահանջում վարչապետի հետ:

Լրագրողների հետ զրույցում բողոքողները նշեցին, որ իրենցից ոմանք արդեն 12 տարուց ավելի է՝ վարձով են ապրում և մինչև հիմա չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները: Նրանք կառավարությունից պահանջում են աջակցել իրենց:

Բողոքող քաղաքացիներն արդեն մեկ ժամից ավելի է՝ կառավարության առջև վարչապետից պահանջում են իջնել և հանդիպել իրենց՝ սուլելով և վանկարկելով «վարչապետ, իջի՛ր», «տվե՛ք մեր բնակարանները», «գողե՛ր», «թալանչինե՛ր»:

Ինչպես հաղորդում են դեպքի վայրում գտնող լրագրողները, բնակիչները փորձել են անցնել փողոցը և իրենց բողոքի ակցիան շարունակել Հանրապետության հրապարակի գորգի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

Այնուհետեւ նրանք մի քանի րոպեով փակել են Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանները նրանց հեռացրել են փողոցից:

Վարչապետի փոխարեն Կառավարության շենքի մոտ քաղաքացիներին է մոտեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նրանցից վերցրել հեռախոսահամարները՝ խոստանալով հանդիպել, լսել նրանց խնդիրը, հարցը բարձրացնել Ազգային ժողովում:

Նույն շարքից