Հայաստան Քաղաքական 

Եթե Ադրբեջանն ուզում է արդյունք տեսնել, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա. Շավարշ Քոչարյան

Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց է եղել այն ժամանակ, երբ Բաքուն բանակցում էր Ստեփանակերտի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, Բիշքեկյան արձանագրությունները, նաև դրան նախորդած բանակցությունները շատ կարևոր էին և հիմք էին, որից հետո կնքվեց բուն զինադադարի պայմանագիրը:

«Բիշքեկը անսպասելի չառաջացավ, որովհետև մինչ այդ եղել է երկար գործընթաց: Դեռևս 1993 թվականի դեկտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ և եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիևը լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ: Նմանատիպ լիազորագիր ստացավ ԼՂՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Արկադի Ղուկասյանը: Մոսկվայում եղել է հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն էր եղել կարճատև զինադադարի և այդ հանդիպումը գաղտնի չէր, բաց էր: Այդտեղ համաձայնել են, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Հեյդար Ալիևի և ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: «Դրանից հետո եղել են բազմաթիվ հանդիպումներ, որը պարարտ հող ստեղծեց, որ լինի Բիշքեկյան հանդիպումը: Այսինքն՝ եթե Ադրբեջանն ուզում է արդյունք տեսնել, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա: Սա լակմուսի թուղթ է, քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի բանակցային կողմ, նշանակում է շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցությունները իր դեստրուկտիվ քայլերի համար»,-ընդգծել է փոխնախարարը:

Նույն շարքից