Եվրոպայում 3-րդ տարին է, ինչ մայիսի 5-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի օր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նա նշել է, որպեսզի Հայաստանում հաշմանդամներն ինքնուրույն կյանք վարեն, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ՝ առաջին հերթին միջավայրի ֆիզիկական մատչելիություն՝ սկսած շենքերից, վերջացրած հասարակական տրանսպորտով:
«Թեև առաջընթաց կա այս ոլորտում, սակայն դա դեռ բավարար չէ, որպեսզի հազարավոր մարդկանց կյանքում ռեալ բան փոխվի, դեռ շատ անելիքներ ունենք, որ հարմարավետ պայմաններ ստեղծվեն»,- ասել է նա:
Արմեն Ալավերդյանը հաջորդ ամենահրատապ հարցը համարեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը և նշեց, որ չնայած որոշակի առաջընթացին, կա զբաղվածության 9 տոկոս մակարդակ, ինչը ցածր ցուցանիշ է:
«90 տոկոսից ավելի գործազրկություն կա, անընդունելի մեծ տոկոս է: Չնայած կան պետական ծրագրեր, կա քվոտաների մեխանիզմը, որը պարտադրում է գործատուներին ունենալ որոշակի տոկոս հաշմանդամ աշխատողների, առայժմ մենք ունենք այդ ցածր տոկոսը»,- ասել է նա:
Նա նկատեց, որ օրենսդրական դաշտը կարծես թե բարելավում է, բայց կարծրատիպերը խանգարում են, որ լուրջ ձեռքբերումներ արձանագրվեն զբաղվածության ոլորտում, ինչը նաև կրթական ցածր ցենզի պատճառով է, քանի որ շատ հաշմանդամներ օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ստանալ լիարժեք բարձրագույն կրթություն:
«Վերջին տասը տարիների ընթացքում բավականին աճել է պետական մարմինների ուշադրությունը հաշմանդամների խնդիրների լուծման առումով, սակայն պրակտիկ գործողությունները դեռ շատ քիչ են, որ մենք լուրջ առաջընթաց գրանցենք: Կա նաև վերաբերմունքի փոփոխություն հասարակության մեջ, և հիմա մարդկանց աչքը սովորել է, որ հաշմանդամներին կարելի է աշխատատեղերում, զբոսանքի վայրում կամ մշակութային օջախներում տեսնել»,- ասել է Ա. Ալավերդյանը: