Գլխավոր Քաղաքականություն 

Բունդեսթագի փոխնախագահ. Գերմանիայի խորհրդարանը կընդունի Հայոց Ցեղասպանությունը

analitik.am

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցի ժամանակ Բունդեսթագի փոխնախագահ, Կանաչների կուսակցության անդամ Կլաուդիա Ռոտը հույս է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը կընդունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, որի քննարկումը սրանից առաջ հետաձգվել է երկու անգամ:

Անդրադառնալով Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուի համապատասխան զգուշացմանը, որ Բունդեսթագը չընդունի այդ օրինագիծը, Ռոտն անընդունելի է որակել դա:

«Այդ իրավիճակն անհավանական եմ համարում: Ինչ-որ դեսպան զգուշացնում է Գերմանիայի խորհրդարանին: Մեզ համար դա անընդունելի է: Հուսով եմ, որ խորհրդարանական խմբակցությունները ևս մեկ անգամ վիզ չեն ծռի Թուրքիայի առջև և պլանավորվածի պես կընդունեն բանաձևը: Արդեն եկել է ընդունելու ժամանակը: Այն, որ բանաձևն ավելի վաղ չի հայտնվել խորհրդարանի օրակարգում, ոչ թե մեր, այլ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մեղքն է:

Մենք նախորդ տարի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ճանաչման կողմնակից էինք: Ցեղասպանության տարելիցին նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը կիրառեցին «ցեղասպանություն» եզրույթը»,- ասել է նա:

Կլաուդիա Ռոտը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ մամուլի ազատությունը ճնշելու համար:

Հիշեցնենք, որ մարտին Կլաուդիա Ռոտը հայտարարել էր, որ ԵՄ-ը ճակատագրական կախվածության մեջ է ընկել թուրք ավտոկրատ Ռեջեփ Էրդողանից՝ կապված ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի հետ:

Նույն շարքից