Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
«Ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրը հաստատվեց ու ուժի մեջ մտավ 2016 թվականի փետրվարին, սակայն զենքի մատակարարումը դեռևս ձգձգվում է, հաղորդում է 1in.am-ը:
Լրագորղների հետ զրույցում այսօր ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը շարունակում զինել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին զենքի մատակարարումն ուշանում է:
«Համաձայնագրով կան նախատեսված որոշ ընթացակարգեր, որոնց շրջանակներում են գործողություններ իրականացվում: ՀՀ ՊՆ և ԶՈւ պատասխանատուները ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Համաձայնագրով կոնկրետ որոշակի գործողություններ և ժամկետներ կան նախատեսված, չեմ կարող կոնկրետ օր ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի, ուղղակի պետք է վստահ լինել, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները երկու կողմերը կիրականացնեն սահմանված ժամկետներում և սահմանված կարգով»,- նշեց Կորյուն Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը՝ 1in.am