Բլոգ Հասարակություն 

Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (ֆոտո)

analitik.am

Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:

 

Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝ կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները: Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ: Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաև առյուծների  կերակրման ու խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS): Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան:

Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվելու է եռակողմ համագործակցության հուշագիր, որը կամրագրի վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը: Ավելի վաղ համագործակցության հուշագիր է ստորագրվել FPWC-ի և WVS-ի միջև: Նախագծին  իր երկարաժամկետ աջարկցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կենտրոնին հատկացնելով նորագույն տեխնիկայով համալրված շտապօգնության ավտոմեքենա:

«Երբ մարդիկ սովորեն ընդունել, պահպանել բնությունը և չխանգարեն դրա ինքնակարգավորման գործընթացին՝ զգալի առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ֆաունայի և ֆլորայի, այլև` հասարակության ինքնագիտակցության մեջ: Եթե մենք այս ամենը համարենք երկրորդական՝ տխուր հետևանքներով լի երկիր կփոխանցենք ապագա սերունդներին: Պարտվողական կեցվածքը, սակայն, հատուկ չէ մեր ազգին. Մենք պետք է համարձակ լինենք, ընդունենք մարտահրավերը և շարունակենք աշխարհին ապացուցել, որ քաղաքակրթությունը դրսեւորվում է ոչ թե խոսքերով, այլ ապրած կյանքով ու վարքագծով: Մենք այս տրամաբանության կողմնակից ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նույն շարքից