Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կապ ունի իր ընկերությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ը, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի հետ, նշեց, որ ճանապարհի այդ հատվածի համար պատասխանատու է այլ կազմակերպություն, իսկ իր ընկերությունն ուղղակի, այսպես ասած, լավության կարգով օգնել է պատերազմական օրերին բարելավել այն:
Նա հավաստիացրեց, որ ճանապարհը վատ վիճակում է եղել, իսկ իրենց կամզակերպության ջանքերով է շատ կարճ ժամանակհատվածում փոսալցում է կատարվել:
Ամեն դեպքում ԱԺ փոխխոսնակը չհերքեց, որ պետությունը փոխհատուցելու է այն գումարներ, որ իր կազմակերպությունը ծախսել է:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է տիկին Նաղդալյանը համատեղում պաշտոնը ճանապարհաշինարարության հետ, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ինքը ճանապարհաշինարար չէ, իր սեփականությունը հանձնել է ուրիշի կառավարմանը, ինչպես պահանջվում է օրենքով: