Գլխավոր Հասարակություն 

2016 թ. ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 մուտք

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ուսումնասիրվել է հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը: Ադյունքում 29 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց՝ հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով: Քաղաքապետը հանձնարարել է հարցը պահել մշտական հսկողության տակ:

 Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն նախորդ շաբաթ Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից տարածքում տեղադրվել է կանգառանշան և կահավորվել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները:
Զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի շրջանակում կազմվել է 5 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 44 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
 «Կենցաղային և հատկապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխարգելելու և վերացնելու ուղղությամբ պետք է տանել հետևողական աշխատանք: Այս հարցում ակնկալում եմ նաև համապատասխան կառույցների աջակցությունը, որոնք իրենց հերթին պետք է լինեն առավել ակտիվ և խիստ», - նշել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի 800 շքամուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին:

Նույն շարքից