ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն այսօր՝ մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի եւ մայիսի 11-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։