Գլխավոր Հասարակություն 

Սամվել Բաբայանն արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երևանում և փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան էլ չստացվեց: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2004-ին՝ չորսուկես տարի Շուշիի բանտում անազատության մեջ մնալուց հետո, Սամվել Բաբայանին ներում շնորհվեց, և նա ազատ արձակվեց: Այնուհետև տեղափոխվեց Երևան և փորձեց քաղաքական գործունեություն ծավալել: 2005-ին հիմնադրեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ: Իսկ 2008-ից հետո Բաբայանը սկսեց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ: 2010-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաբայանը մեծ պարտքեր է կուտակել և որ գրավադրել է իր մերձավորների մեծ մասի բնակարանները, անշարժ գույքը ու չկարողանալով գումարները վերադարձնել՝ Հայաստանից հեռացել է: Դրանից հետո, եթե անգամ մամուլը հիշում էլ էր Բաբայանի մասին, ապա գտնվելու վայրը անհայտ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից