Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո ճանաչված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի կողմից. «1994 թվականին Ադրբեջանը ԼՂՀ-ի հետ ստորագրել է եռակողմ պայմանագիր, ինչը վկայում է այն մասին, որ Բաքուն ճանաչել է ԼՂՀ-ն: Արցախը դե ֆակտո ճանաչված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, որոնք պարբերաբար հանդիպում են ԼՂՀ-ի իշխանությունների հետ»:
Ինչ վերաբերում է Արցախը դե յուրե ճանաչելուն, ապա Աշոտյանն ասաց, որ այն պատմական առումով այլընտրանք չունի. «Դա կարող է տեղի ունենալ երկու սցենարով՝ խաղաղ բանակցային ճանապարհով, կամ այն դեպքում, եթե ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի, այսինքն եթե տեղի ունենա լայնածաված ագրեսիա, ինչի դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա»: