Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան տարբեր վարկային համաձայնագրերով կուտակել է 25 միլիարդ դոլարի պարտք, որից 3 միլիարդը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Այդ մասին հայտնել է Կրեմլի ադմինիստրացիայի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, նշելով որ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն որոշել պարտքի մարման ժամկետները:
«Խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանի 2015թ-ի բյուջեով ուկրաինական պարտքի մարումը չի նախատեսվում, բացի այդ Ուկրաինան չի պատրաստվում մարել նույնիսկ վարկի տոկոսադրույքները: Պարտքի մարման գործընթացը Ուկրաինան պետք է սկսեր 2015թ.-ի սկզբից»,- հայտնել է Իվանովը:
Նա ավելացրել է՝ «քանի որ չեն վճարում տոկոսադրույքներն, ապա կարելի է հետեւություն կատարել, որ չեն պատրաստվում ամբողջ պարտքը վճարել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բոլոր նախադրյալներն Ուկրաինայից պահանջելու մարել պարտքը, ավելացնելով, որ «Մոսկվան չի ցանկանում Կիեւի ֆինանսական աղետը, սակայն պարտքերն ահրաժեշտ է վճարել»: