Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԼՂՀ-ն պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ. ԼՂՀ ԱԳՆ

analitik.am

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«22 տարի առաջ՝ 1994 թ․ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։

Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են միակ իրական ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար և վերջնական կարգավորման որոնմանը։

Մինչև ս․թ․ ապրիլի 2-ը հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր՝ չնայած ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերին։ ԼՂՀ իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ադրբեջանական կողմի նպատակաուղղված գործողություններին, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ դառնում էին առավել սպառնալի ինչպես բնույթով, այնպես էլ՝ ծավալներով։

Պաշտոնական Ստեփանակերտը համառորեն կոչ էր անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կանխամտածված քաղաքականությունը՝ ուղղված լարվածության սրմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տապալմանը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք և հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ․ մայիսի 12-ի և 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։ Միայն չափն անցած հակառակորդին արժանի հակահարված հասցրած ԼՂՀ պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, Ադրբեջանը ս․թ. ապրիլի 5-ին ստիպված եղավ, ինչպես և 1994 թվականին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում, ինչը, չնայած ադրբեջանական կողմի պարբերական խախտումներին, հիմնականում պահպանվում է։

Անգամ ապրիլի 2-5 ռազմական արկածախնդրության ձախողումից հետո, Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության ուժային լուծման գաղափարից, որի ապացույցն են Ադրբեջանի պաշտոնական անձանց հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելին, Ադրբեջանը միակողմանի կարգով փորձում է չեղարկել 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, ինչը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տապալման և տարածաշրջանում պատերազմի սանձազերծման քաղաքականության ակնհայտ շարունակություն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և գործադրելով բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման համար, միևնույն ժամանակ պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ։

Միայն 1994 թ․մայիսի 12-ի համաձայնագրի լիակատար կիրարկումը և ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման և կայունացման միջոցների ամբողջական համալիր պարունակող 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրի գործնական կիրառումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման համար»։

Նույն շարքից