Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է,որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կայցելի Երեւան՝ մասնակցելու կայանալիք միջոցառումներին : «Ես ապրիլի 24-ին կգնամ Երեւան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից», – ասել է նա:
«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ ընթրիքի արարողակարգի ղեկավարը ֆրանսիացի լրագրող եւ գրող Ֆրանց-Օլիվիե Ժիսբերն էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա է եղել 450 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, դերասաններ եւ մամուլի ներկայացուցիչներ՝ դրանով հաստատելով իրենց լիակատար աջակցությունը Հայկական հարցի լուծմանը:
Սկզբում ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, ինչից հետո կարճ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այնուհետեւ Ալեքսիս Գովջիյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի արիության մեդալ է շնորհել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրեսը», իր լույթում Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության հարցում «ճշմարտության ուղղությամբ իր ջանքերը»: «Եկել է տաբուները կոտրելու ժամանակը: Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ ցեղասպանության 100-ամյակի այս տարում մենք կտեսնենք նոր ժեստեր, նոր քայլեր ճանաչման ուղղությամբ»,-ասել է նա:
Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Թուրքիայի իշխանությունները ցանկություն հայտնեցին «միանալ հիշատակմանը և կիսել հայ ժողովրդի ցավը», Ֆրանսիայի նախագահը, այդուհանդերձ, նշել է, որ դա միայն «առաջին շարժումն» էր, որը «չի կարող կանգ առնել այդ կետում»:
Օլանդը նաև հիշեցրել է, որ ինքը «ողջունել է այդ քայլը» մեկ տարի առաջ Երևան կատարած այցի ժամանակ, բայց «ընդգծել է, որ դա բավարար լինել չի կարող»:
«Եկել է տաբուները կոտրելու և այնպես անելու ժամանակը, որպեսզի երկու երկրները՝ Հայաստանն ու Թուրքիան, նոր մեկնարկի մասին մտածեն»,-ասել է Ֆրանսուա Օլանդը: