Գլխավոր Քաղաքականություն 

Ֆրանսիայի արտգործնախարարը հրավիրվել է Հայաստան

analitik.am

Մայիսի 12-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ:

Նախարարներ Նալբանդյանն ու Էյրոն գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։

Բանակցությունների առանցքային հարցն էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նախարար Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին հետևողական ջանքերը՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը բացառելու և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ։

Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց հրադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն՝ ուղղված հիմնախնդրի՝ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:

Էդվարդ Նալբանդանը Ժան-Մարկ Էյրոյին հրավիրեց այցելել Հայաստան։

Նույն շարքից