Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել է աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի աղետների ռիսկերի կառավարման մասնագետ Կո Տակեուչիի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Աղետների ռիսկերի կառավարման կարողությունների գնահատման արդյունքներն ու առաջիկյաում սպասվող անելիքները: Ինչպես նաև՝ ՀԲ թիմը Հայաստանում էր Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին տեխնիկական աջակցություն տրամադրելու առաքելությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կո Տակեուչին նշեց, որ արդեն բավական լուրջ աշխատանքներ են տարվել ԱՌՆ կարողությունների գնահատման ուղղությամբ, Սեյսմիկ պաշտպանության ծառայության հետ մշակվել է սեյսմիկ վտանգների քարտեզ, և առաջարկեց ուսումնասիրել Ճապոնիայում կազմակերպվող ուսումնավարժանքների փորձը:

-Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեզ աջակցելու համար՝ քաղաքային պլանավորման գործում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներդրմանը վերաբերող տեխնիկական ուղեցույցերի մշակման հարցում: Երևան քաղաքի ձեր տրամադրած տարհանման նախագծերը զետեղվելու են այդ ուղեցույցերում, - նշեց Կ. Տակեուչին:

Փոխնախարար Հ. Մխիթարյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընթացքին ու կատարված աշխատանքներին:

-Ցանկացած արդյունավետ առաջարկությանը մենք պատրաստ ենք և պարտավոր ենք աջակցել, դա է մեր աշխատանքն ու առաջնային գործառույթը: Մեր երկրում մեծ թիվ են կազմում բնական և տեխնածին աղետները: Այս ամենին դիմագրավելու, ինչպես նաև հետագա ռիսկերը նվազեցնելու համար մենք սկսեցինք գնահատել մեր կարիքները, որն էլ բացահայտեց, թե ինչ ուղղություններով պետք է սկսել հետագա աշխատանքները: Մեր համատեղ աշխատանքները շուտով տեսանելի կլինեն բոլորին:

Հ. Մխիթարյանը հույս հայտնեց, որ Աղետների ռիսկերի կառավարման կարողությունների գնահատման գործընթացը, որի հիմքերը դրվել են ԱԻՆ-ի և Համաշխարհային բանկի հետ, կունենա շարունակական և բարեհաջող ընթացք:

Հանդիպմանը քննարկվեցին Աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ հնարավոր կարիքների գնահատման հետագա հարցեր:

Նույն շարքից