Այսօր՝ մայիսի 14-ին, լրատվամիջոցների համար իրենց դռներն էին բացել ՀՀ ՊՆ Կենտրոնական պարենամթերային ու կենտրոնական նյութական բազաները:
Լրագրողները մասնավորապես ծանոթացան սննդամթերքին, որն արտադրվում է միայն զինվորի համար և այդ սննդամթերքի՝ զորամասեր տեղափոխման գործընթացի մանրամասներին:
Հարկ է նշել, որ զինվորի համար արտադրվող սննդաթերքն իր վրա ունի «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ» գրառումը:
Ինչպես հայտնեցին ՊՆ Կենտրոնական պարենամթերային բազայից, արտադրվող սննդամթերքի վրա, բացի վերոնշյալ գրառումից, նշվում է նաև պիտանելիության ժամկետը և այս մասով խնդիրներ չեն լինում:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ պարբերականությամբ է սննդամթերքը տեղափոխվում զրոմասերը, բազայից ասացին, որ շուտ փչացող սննդամթերքը տեղափոխվում է 10 օրը մեկ՝ հատուկ սառնարանային պայմաններում, իսկ, այսպես ասած, չոր սննդամթերքը՝ ամիսը երկու անգամ, փոքր զորամասերում՝ ամիս մեկ անգամ:
Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը լրագրողներին հավաստիացրեց, որ սննդամթերքը մի քանի անգամ փորձաքննության է ենթարկվում և բանակը պարենամթերքի ու հագուստի մատակարարման խնդիր չունի:
Հավելենք, որ այսօր հայկական բանակի ճաշացանկում կան տավարի, հավի մսով ճաշեր, մակարոնեղեն, մարինացված վարունգ, կարագ և այլն:
Ինչ վերաբերում է մատակարարներին, ապա վերջինս նշեց, որ այսօր բանակը 20-ից ավել մատակարար ունի և միայն հագուստ մատակարարողների թիվը հասնում է 8-ի:
Լուսանկար՝ armlur.am