Հասարակություն 

Իմացող-չիմացող դարձել են օդերևութաբաններ. Հրաչ Բերբերյան

Հայկական որոշ լրատվամիջոցներ ժամանակից առաջ ընկնելով սկսել են հրապարակումներ անել՝ կանխատեսելով, որ ձմռան տեղումների սակավության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությանը դժվարին օրեր են սպասվում... Եվ ոչ միայն. մեծ է նաև երաշտի հավանականությունը: Բնության տարերքներից «գլուխ հանող» մասնագետներն էլ նշել են, որ եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն չտեղա, իսկ գարնանը՝ հորդ անձրևներ չլինեն, հանրապետությունում ո՛չ խմելու ջուր կունենանք , ոչ էլ՝ ոռոգման: Քանի որ ձյան ծածկույթը Հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է, ապա չի բացառվում, որ խոշոր ջրամբարները նույնպես չեն լցվելու:

Իսկապե՞ս Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախված, թե՞ այս հրապարակումներն ընդամենը ասեկոսեներ են և պատկանում են «երևակայության» շարքին:

Հարցի վերաբերյալ analitik.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանից: «Հիդրոօդերևութաբանական կայանը դեռ նման հայտարություններ չի արել: Ախր չի կարելի էլի. իմացող-չիմացող դարձել են օդերևութաբաններ: Մեր դժբախտությունը այն է, որ պատահական մարդիկ իրենց չվերաբերվող բնագավառների հետ կապված հայտարարություններ են անում: Իսկապես, մտահոգիչ է այս տաք եղանակը, բայց կարծում եմ՝ բնությունն իր գործը կանի, և մենք մոտ ժամանակներում առատ տեղումներ կունենանք: Դեռևս 40 օր ունենք, դա քիչ չէ, համբերենք, կտեսնենք»,-խորհուրդ տվեց պարոն Բերբերյանը:


Ըստ նրա, ամենկարևորը՝ ծաղկակալում չունենք, ինչը արդեն մտահոգիչ կլիներ: «Մենք եղել ենք Արտաշատի, Արմավիրի տարածաշրջանում և ոչ մի ծաղկակալում չենք հայտնաբերել: Կարծում եմ՝  այդ առումով, այս տարի այնքան էլ վտանգավոր տարի չէ, ինչպես անցած տարի , բայց ճիշտ կլինի նախօրոք ոչինչ չգուշակեն մեր չակերտավոր մասնագետները»,-ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

Ի դեպ, «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն օրերս տված ասուլիսում հայտնել էր, որ այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն է: Նրա տեղեկացմամբ, 1966 թվականի հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 17-18 աստիճան, և հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու և այլ պտղատուների ծաղկում:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից