Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ Կողբացի փողոցում անօրինական շինարարություն է իրականացվում:
Ավագանու անդամը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և Հայաստանի քաղաքաշինության նախարարին:
«Երեւանի Կենտրոնի Թումանյան Կողբացի փողոցի բնակիչներն ահազանգել են Կողբացի 50/2 հասցեում «Վահագ Դավթյան» ընկերության կողմից իրականացվող շինարարության մասին: Նրանք եւ երեւանցիներն ընդհանրապես իրավացիորեն բողոքում են Երեւանի փոքր կենտրոնի այդ մի փոքրիկ կանաչ տարածքը զավթելու եւ շինհրապարակ դարձնելու մասին:
ՀՀ քաղաքաշինության նախարարը եւ Դուք բազմիցս հայտարարել եք, որ Երևանը կարիք ունի ավելացնել իր կանաչ տարածքները, որի կարիքն ունի հատկապես փոքր Կենտրոնը, ուրեմն ինչպե՞ս կբացատրեք այս անթույլատրելի շինարարության թույլտվության փաստը: Հերթական անգամ ականատեսն ենք լինում նման հայտարարությունների եւ իրականության միջեւ առկա հակասությունների:
Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շինթույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ և ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երևանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին»: