Քաղաքական 

Նախագահների հանդիպման ժամանակ անցել են Սարգսյանի բոլոր երեք առաջարկները. Շարմազանով

«Երբ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, հետաքննության ընթացքում միջազգային հանրությունն այլևս հավասարության նշան չի դնի հայկական և ադրբեջանական կողմերի միջև, քանի արդեն հայտնի կլինի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,-այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությանը:

Շարմազանովը նշեց, որ հանդիպման ընթացքում անցել են նաև Սերժ Սարգսյանի մյուս երկու պահանջները: Խոսքը մասնավորապես վերաբերում է 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված զինադադարի մասին պայմանագրի պահպանմանը և ԵԱՀԿ ներկայացուցչի ու գրասենյակի լիազորությունները ընդլայնելուն. «Ալիևը նոր զինադադարի պայմանագիր էր ուզում, սակայն դա չեղավ: Այսինքն պետք է վերադարձ լինի այն իրավիճակին, որը եղել է 1994 թվականի մայիսի 12-ի դրությամբ: Ալիևը նաև հայտարարել էր, որ հետաքննության մեխանիզմները ներդրվելու են միայն այն դեպքում, եթե հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի կողմից նշված տարածքներից, սակայն դա էլ չեղավ: Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, սակայն Ադրբեջանն ապտակ ստացավ, ինչն ակնհայտ է: Վիեննայում միջազգային հանրության և Հայաստանի  դիրքորոշումենրը համընկան, ինչի մասին վկայում է արտգործնախարարների տարածած հայտարարությունը»:

ԱԺ փոխխոսնակը նաև ուրախությամբ նշեց այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, չնայած այլ հարցերում ունեցած տարաձայնություններին, ղարաբաղյան հակամարտության հարցում ջանք չեն խնայում հարցը կարգավորելու համար:

Նույն շարքից