Քաղաքական 

Դրական ֆոն է ստեղծվել բանակցությունները վերսկսելու համար. Արզումանյան

Այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, կարևորեց եռանախագահության այն հայտարարությունը, որով բացառվում է ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը և այն պնդումը, որում խոսվում է 94-95 թվականներին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագրին վերադարձի մասին:

Պատգամավորը նաև կարևորեց այն մեխանիզմների դերակատարումը, որոնք ներդրվելու են շփման գծում և թույլ են տալու հետաքննություն անցկացնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասով. «Այս մեխանիզմների մասին հայկական կողմը բազմիցս է խոսել, սակայն Ադրբեջանը միշտ էլ դեմ է եղել»,-հավելեց նա:

«Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի  է ասել, որ բավականին դրական ֆոն է ստեղծվում բանակցությունները վերսկսկելու համար, իսկ  հայկական կողմը հնարավորություն է ստանում դադար վերցնել և զբաղվելու բանակաշինությամբ՝  դասեր քաղելով ապրիլյան պատերազմից, մեղավորներին պատժելով, սպազանիությամբ զբաղվելով, ներքաղաքական կյանքում ռեալ փոփոխություններ կատարելով»,-ասաց նա:

Արզումանյանի խոսքերով, Հայաստանն ամեն դեպքում պետք է շարունակի պատրաստ լինել ցանկացած ռազմական գործողության վերսկսման՝ միևնույն ժամանակ չխուսափելով բանակցությունները վերսկսելուց:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր պարտավորությունները, պատգամավորն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել այդ հարցում. «Սակայն այս անգամ կա եռանախագահների հորդորը և պահանջը: Իսկ եթե մեխանիզմները ներդրվեն, հնարավոր կլինի խախտումների մասին հասցեական խոսել: Մենք ընդհանրապես պետք է մի բան ֆիքսենք՝ Հայաստանը պետք է ունենա ադեկվատ բանակ, որը կկարողանա պատժել հակառակորդին: Բացի դրանից, մենք պետք է  շարունակենք կողմ լինել հարցի խաղաղ կարգավորմանը»:

Արզումանյանը խոսեց նաև ապրիլյան պատերազմի մասին՝ մասնավորապես նշելով, որ միջազգային հանրությունը կանգնել ու կողքից նայում էր, թե ինչպես է Ալիևը փորձում հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչը վերջինիս մոտ չստացվեց, ուստի հիմա միջազգային հանրությունը պետք է խթանեն բանակցային գործընթացը.  «Կարծում եմ, որ բանակցություններում հայկական կողմը պետք է առաջնահերթ դարձնի Արցախի կարգավիճակի հարցը, որի հաստատումից հետո միայն կարելի կլինի խոսել մնացած հարցերի մասին»:

Նույն շարքից