ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:
Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության Նախագահը, ՖԻԴԵ-ի նախագահն ու Երևանի քաղաքապետը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ միասին ներկա է գտնվել Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երևանում: Նախագահը Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված և լիովին կահավորված մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմաններին: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ՝ մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 450 սան: