Հասարակություն 

Խորհուրդ աղի բլիթ կերած և հիասթափված հայ աղջիկներին

Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի՝ սիրո և երիտասարդության տոնը : Գիշերը աղի բլիթ կերած հայ աղջիկներն ու տղաները քնից արթնացել և համացանցում միմյանց հետ կիսվում են իրենց տպավորություններով: Նրանցից շատերը, ովքեր երազում սպասել են այն ճակատագրական պահին, թե ահա, վերջապես հայտնվելու է սպիտակ ձիով ասպետը՝ ջուր տալու և հագեցնելու ծարավը՝ հիասթափված են:


Երբ հետևում ես նրանց գրառումներին, հասկանում ես, որ ոչ բոլորն են գոհ իրենց տեսած երազից. Կա՛մ ջուր տվող չի եղել, կա՛մ էլ տվողը այն մարդը չէ, որին կուզենային տեսնել:

 

Ստորև ներկայացնում ենք աղի բլիթ կերած, հիասթափված կամ հուսավառված աղջիկների և տղաների գրառումներից մի քանիսը:


Լիլիթ Խաչատրյան «Մի առավելություն ունեմ. ս. Սարգիսը երազիս ասպետ չի ուղարկել, բայց իրականում ձիու հետ դեղին վարդեր էր ուղարկել

Շնորհավո՜ր, սիրահարների տոնը…:

 

Թագուհի Մելքոնայն. «Ի ՞նչ անել, եթե աղի բլիթ ուտելուց հետո երազում քեզ ջուր է առաջարկում ոստիկանը.

Տարբերակ`

1) Ոչինիչ չանել

2)Շնորհակալություն հայտնել ճակատագրին:

3)Նորից քնել` երազը վերստուգել

4) Երազը պատմել հոսող ջրին

5) Հաջորդ անգամ քնելուց առաջ բարձի տակ դանակ դնել

6) Պատուհանից նետել բարձը կամ ինքդ նետվել, ողջ մնալու դեպքում էլ գնալ Կիևան` անպայման նախապես զանգելով Արմեն Երիցյանին և Լավանդայի Արայիկին:

7) Գնալ եկեղեցի` աղոթել, խաղաղվել»:


 

Կարինե Նահապետյան. «Վայ, ժոող ջան, բա չեք ասի, իմ հարևան Սեթո պապիին եմ տեսել, ծարավից մեռնում էի ու հանկարծ իրենց տնից  դուրս եկավ, ասեց՝ սպասի, գնաց ու մի մեծ բաժակով ջուր բերեց..ոնց էի խմում, ոոոնց: Այ քեզ բան, լրիվ աննորմալ վիճակ ա…հիմա ի՞նչ )):


Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «սառը ջուր»  է լցնում աղջիկների երազների և վառ երևակայության վրա. «Սիրելի աղջիկներ, Եթե այսօր երազում ես ձեզ մի բաժակ ջուր բերեմ, ապա իմացեք. եկել եմ ձեր գիտելիքների ծարավը հագեցնելու»:

 

Մեր խորհուրդը հիասթափված աղջիկներին (քանի որ, տղաներն ավելի  «թեթև են տանում» հիասթափության զգացումը ) :


Պետք չէ աղի բլիթի հետ կապել անձնական երջանկությունն ու ապագա փեսացուի իրական կերպարը:



Նշենք, որ աղի բլիթի հետ կապված արարողությունն ինքնին գուշակություն է, իսկ «Աստվածաշունչն»  ուսուցանում է չհետևել գուշակություններին, քանի որ դա վայել չէ քրիստոնյաներին: Դրանց թվին են պատկանում նաև մոգությունը, աստղագուշակությունը, խաղաքարտերով բախտ բացելն ու գուշակելը, ձեռնագուշակությունը և այլն:

 

Այնպես որ, չարժե հուսահատվել անհաջող երազի պատճառով. Ընդամենը՝ ճանաչե՛ք, գնահատե՛ք, սիրե՛ք և սիրվեք…ո չ թե երազում, այլ՝ իրական կյանքում:


Շնորհավոր Սիրո և Երիտասարդության տոնը:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից