Հայաստան Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը Գերմանիայում ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի եւ ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ: Հանդիպումներին մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը եւ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

Պաշտպանության նախարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքում ԳԴՀ համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, ռազմական կրթություն եւ միջազգային առաքելություններին համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր: Քննակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման, մշտադիտարկման ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դրանց շուտափույթ իրագործման համար անհրաժեշտ կարողությունների կիրառման հնարավորությունները:

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ Կանցլերի աշխատակազմում:

Նույն շարքից