Հասարակություն 

«Նրանք վստահ գրոհեցին »100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին. Հիմնադիր խորհրդարան

«Հիմնադիր խորհրդարանը» իր պաշտոնական էջում հրապարակել է լուսանկարներ այսօր՝ հունվարի 31-ին Բերձոր տանող ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին:

«Նրանք վստահ գրոհեցին »100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով քացու տակ առնում»,- ասված է հայտարարության մեջ:

Հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի և Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ իրենց վրա հարձակվել է ոստիկանական կարգախումբ՝ մոտ 60 հոգի, դրանից բացի՝ բարձունքներում զենքերով դիմակավորներ են եղել, օդ էին կրակել:

Մխիթար Ավետիսյանի վիճակը ծանր է: Նա ուղեղի ցնցում է ստացել, բացի դրանից՝ նրա մոտ կասկածում են ներքին արյունահոսություն, փայծաղի վնասվածք: Այս պահին նա հետազոտվում է, իսկ Քերոփը համեմատաբար լավ վիճակում է:

 

Ծեծի ենթարկված 3-րդ անձը՝ լրագրող Անուշավան Շահնազարյանն առաջին բուժօգնություն է ստացել «Գորիս» բժշկական կենտրոնում, այնուհետեւ դուրս գրվել:

 

«Անուշավանի գլուխը պատռված է եղել, կարել են, ուսն է վնասվել, ամենայն հավանակությամբ, կոտրվածներ ունի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք , որ «Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:

Նույն շարքից