Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ թուրքական իշխանությունները կապ ունեն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ, այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե կան հիմքեր մտածելու, որ Թուրքիայի կողմից մի ամբողջ ցանց է ստեղծվել ահաբեկիչներին օգնելու համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է թուրք-սիրիական 90 կմ ձգվող սահմանին, որը դեռ բաց է և որտեղից ահաբեկիչները, ըստ որոշ տեղեկությունների, օգնություն են ստանում Թուրքիայից:
Վիեննայում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի ժամանակ դիմելով Լավրովին՝ Չավուշօղլուն ասել է. «Պարոն Լավրով, Դուք լուրջ դիվանագետ եք և մեր նիստի ամենափորձառու մասնակցիներից մեկը: Դրա համար կարծում եմ պետք չէ, որ Դուք այդ բամբասանքները լուրջ ընդունեք: Եթե Ռուսաստանը գեթ մեկ ապացույց ունի ԻՊ-ին տրվող Թուրքիայի օգնության մասով, ես պատրաստ եմ հեռանալ: Իսկ եթե չկան, Դուք մինչև կյանքի վերջ հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում»: