Այսօր՝ մայիսի 18-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոնը Մարուքյանը բարձրացրեց վիրավոր զինծառայողների հարց՝ հիշեցնելով, որ դեռ մեկ տարի առաջ ԱԺ-ն օրենք է ընդունել, որի համաձայն այն վիրավոր զինծառայողները, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, հնարավորություն կստանան բյուջեի հաշվին դա անել արտասահմանում:
Մարուքյանի խոսքերով, այսօր Էրեբունի ԲԿ-ում կա երեք վիրավոր զինծառայող, որոնց ծնողները գտնում են, որ իրենց զավակները պետք է բուժվեն արտասահմանում, ուստի այդ տղաներին նման հնարավորություն պետք է տրվի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ զինծառայողների նկատմամբ իշխանությունները պարտավորություններ ունեն ոչ միայն օրենքի, այլ նաև բարոյականության դաշտում:
Նա հավաստիացրեց, որ կխոսի Առողջապահության նախարարի հետ և եթե իրոք վիրավորները արտասահմանում բուժվելու կարիք ունեն, իրենք ամեն ինչ կանեն դա ապահովելու համար: