Քաղաքական 

Ինչ են անելու կրճատվող մոտ 800 ծառայողական ավտոմեքենաները

Այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ քանակությամբ կրճատումներ են լինելու պետական աշխատողների շրջանում, ասաց, որ վարչապետի որոշման աշխատքային խումբ է ստեղծվելու՝ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ. «Իրականացվելու են մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրություններ, որից հետո առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարության: Դա տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում»:

Ասատրյանն ասաց նաև, որ կոնկրետ իրենց նախարարությունից կրճատվելու է 41 ծառայողական ավտոմեքենա. «Մեքենաների կրճատման հարցին լուծում տալիս արվել է այնպես, որ հետագա աշխատանքը որևէ կերպ չտուժի»:

Ինչ վերաբերում է լրագրողի այն դիտարկման, թե ինչու է այսքան մեքենա պահվել, եթե առանց դրանց աշխատանքը չի տուժելու, նախարարն ասաց, որ ցանկացած ժամանակի համար որոշումները կայացվում են տվյալ իրավիճակի խնդիրներից ելնելով:

Պատասխանելով այն հարցին,թե հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում էլ չինովնիկները արտասահմանցիների օրինակով հեծանիվով գործի գնան, Ասատրյանն ասաց, որ ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն իրենց ձևաչափով կլուծվեն:

Նա նաև ասաց, որ կրճատվող մեքենաների ապագայի հարցը դեռ քննարկվում է:

Նույն շարքից