Քաղաքական գլխավոր 

Եթե բանակցում ենք, հրետանիները պետք է լռեն. ՀՅԴ-ական պատգամավոր

Այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե հայկական կողմը սխալէ անում, երբ միջնորդների ուշադրությունը չի հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը մի կողմից իբր ցանկանում է բանակցել, իսկ մյուս կողմից խախտում է հրադադարի ռեժիմը. «Եթե բանակցում ենք, ուրեմն գնդացիրներն ու հրետանիները պետք է լռեն, եթե այդպես չէ, խոսել բանակցությունների մասին անիմաստ է»,-ասաց  նա:

Ռուստամյանը, խոսելով Վիեննայում կայացած հանդիպման մասին, նշեց, թե այդ հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը դեմ է խաղաղ գործընթացին: Նրա խոսքերով այդ հանդիպումը բանակցություն չէ, այլ հանդիպում էր բանակցություններ կազմակերպելու համար, իսկ քանի դեռ Արցախը չկա այդ սեղանի շուրջ, բանակցություններ չեն կարող լինել:

Ինչ վերաբերում է 800 հեկտար կորստին, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ հայ-ադրբեջանական շփման գիծը միշտ էլ փոփոխական է եղել և այդպես էլ լինելու է: Նա նաև չհամաձայնեց Փոստանջյանի այն հայտարարության հետ, թե հայկական կողմը գյուղ է կորցրել՝ ամեն դեպքում հավելելով, որ այդ գյուղն այսօր բնակեցված չէ:

Նույն շարքից