Քաղաքական 

Էրդողանը Եվրամիությանը մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի տխրի, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չդյուրացնի վիզային ռեժիմը:

Հինգշաբթի օրը Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը նշել էր, որ Անկարան չի փոխելու հակաահաբեկչական օրենքները ԵՄ-ի կողմից դյուրացված վիզային ռեժիմ ստանալու համար:

«Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ ԵՄ-ն Թուրքիայի համար դյուրացնելու է վիզային ռեժիմը: Սակայն եթե նույնսիկ դա տեղի չունենա, Թուրքիան չի տխրի: Ցավոք հիմա Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում՝ մի կողմից դյուրացնելով վիզային ռեժիմը Լատինական Ամերիկայի երկրների համար, մյուս կողմից հրաժարվելով դա անել Թուրքիայի համար, որը բանակցություններ է վարում՝ նպատակ ունենալով անդամակցել ԵՄ-ին»,-ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան արդեն երկար տարիներ է բանակցում ԵՄ-ին անդամակցելու համար. «Ես երկար ժամանակ է մասնակցում եմ ԵՄ առաջնորդների գագաթաժողովներին: Այն ժամանակ Եվրամիությունը դեռ 15 անդամ ուներ, այժմ նրանց թիվը հասել է 28-ի: Ցավոք ԵՄ-ն չի արել քայլեր, որոնք պետք է աներ»:

Էրդողանը պնդում է, որ ԵՄ-ում այլ կերպ են վերաբերում այն երկրներին, որոնք մուսուլմաններով են բնակեցված. «Այսօր Գերմանիայում ապրում է 3 միլիոն մուսուլման, իսկ Եվրոպայում՝ 15-20 միլիոն: Նրանք Եվրոպայում են հայտնվել ինչպես Թուրքիայից, այնպես էլ՝ Աֆրիկայի երկրներից: Դրա համար էլ ԵՄ-ի այս մոտեցումն անհասկանալի է: Նրանք ցանկանում են վիզային ռեժիմի դյուրացումը որպես խաղաքարտ օգտագործել սիրիական հարցում»:

Նույն շարքից